
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել իր միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։
«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնել բանակցություներ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ»,-ասել է Հուքը: Նրա համոզմամբ, ԱՄՆ-ի պատժամիջոցները «Իրանի նավթի սեկտորի փլուզման պատճառ են դարձել»:
Հուքի բերած տվյալների համաձայն, «Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեկ տարվա ընթացքում Իրանի կողմից համաշխարհային շուկայում նավթի վաճառքներն օրական 2,5 մլն բարելից կրճատվել են մինչեւ 120 հազար բարել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: