
«Հասարակությանը պահում են լարված մթնոլորոտում» Վահե Եփրիկյան

«Ակնհայտ է, որ իշխանությունը շուրջ մեկուկես տարի փորձում է հասարակությանը պահել յուրատեսակ թմբիրի մեջ. սկզբից շահարկվեց թալանը, հետո շահարկվեցին սպանությունները, հետո՝ «Մարտի մեկը»: Ի դեպ, այդ գործով մենք տեսնում ենք նույն իշխանությունների մոտիվացիան՝ հասարակության էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար քրեական գործում ներգրավել տուժողների ներկայացուցիչներին, նրանց իրավահաջորդներին, մինչդեռ այդ քրեական գործը որևէ կապ չունի տասը զոհերի հետ: Իշխանությունը տեսնում է, որ արդեն չի կարողանում սնել հասարակությանը, և նման պայմաններում պարբերաբար ինֆորմացիոն դաշտ են նետվում «վահանշիրխանյաններ», «արմանբաբաջանյաններ»»,- այս մասին նշեց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչու քաղաքական օրակարգ բերվեց «Հոկտեմբերի 27»-ի գործը:
Ըստ փաստաբանի՝ քրեական դատավարությունը նախատեսում է գործի վերաբացման մեխանիզմ. «Բայց, ինչպես տեսնում ենք, նման որևէ գործընթաց չի նախաձեռնվել, և միայն հասարակությանը պահում են լարված մթնոլորտում՝ ցանկանալով հերթական սլաքներն ուղղել դեպի Ռոբերտ Քոչարյանը»:
Անդրադառնալով այս թեմայով Արման Բաբաջանյանի, Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին՝ Վ. Եփրիկյանը նկատեց. «Անուղղակի մեսիջներ են հղում Նաիրի Հունանյանին՝ համագործակցելու նախաքննության հետ»:
Զարուհի Դիլանյան