
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից և կատարվող խնդիրների առանձնահատկություններից:
ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 45 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:
Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.
- օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,
- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից:
Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր`երեք տարի ժամկետով:
Զորամասերի տեղակայման վայրերի ճշգրտման կամ պայմանագրային ծառայության անցնելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու պետք է դիմել տարածքային զինկոմիսարիատներ, կամ՝ զանգահարել /010/ 29-44-31, /010/ 29-44-88 հետախոսահամարներով (ժամը` 09.00-18.00):