
Արցախում տեղի է ունեցել Խորհրդարանի հերթական լիագումար նիստը

Այսօր տեղի է ունեցել վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 30, բացակա`3 պատգամավոր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման առթիվ: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Ազգային ժողովի անունից շնորհակալական նամակներ են ուղարկվել բանաձևի հեղինակներին:
Այսօրվա նիստին Խորհրդարանը քննարկել է «Վերածնունդ» խմբակցության կողմից ներկայացված գրավոր հարցապնդումը: ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի կողմից սեպտեմբերի 23-ին ներկայացված հարցադրմանը ի պատասխան նշել է, որ «ԱՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Ազգային ժողով, որտեղ մանրամասն ներառված են հարցման մեջ նշված 2015 թվականից մինչև 2018 թվականը ներառյալ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ շահառուների:
Անցնելով օրենսդրական նախագծերին՝ Խորհրդարանը 30 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է կից փաթեթով:
Հաջորդիվ 30 կողմ ձայնով ընդունվել է «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Այսօրվա նիստին քննարկվել է նաև «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել 4, դեմ` 24 , ձեռնպահ` 1 պատգամավոր:
Նիստի վերջում պատգամավորներ Ռամելա Դադայանը և Գագիկ Բաղունցը հանդես են եկել հայտարարություններով: