Վայոց Ձորի նորանշանակ մարզպետը սպա Արա Մխիթարյանին ծեծելու մեջ մեղադրվող մարզպետի օգնականի փաստաբանն է
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Վայոց Ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին։ Նա փոխարինեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, որի անունը կապված է սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի հետ։
Թեև Տրդատ Սարգսյանը հերքել էր, որ որևէ առնչություն ունի սպա Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ, սակայն հայտարարել էր, որ վայր կդնի իր լիազորությունները։
Նշենք, որ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետը սպային ծեծող անձի՝ մարզպետի կալանավորված օգնական Հարություն Գրիգորյանի, փաստաբանն է։
Այսօր Կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այդ հանգամանքը նրան չի՞ կաշկանդում մարզպետի աշխատանքները կատարելիս։
«Չեմ կարծում, որ մարզպետի պաշտոնին անցնելիս այս հարցն ինչ-որ կերպ կկաշկանդի։ Բացի այդ, սպային ծեծողների հարցը պետք է քննարկվի Քննչական կոմիտեում՝ քրեական գործի շրջանակներում։ Իսկ մարզպետի աշխատանքն իմ փաստաբանական աշխատանքի հետ որևէ խոչընդոտ չի առաջացնի»,- նշեց նորանշանակ մարզպետը։
Նա նաև տեղեկացրեց, որ Տրդատ Սարգսյանին ճանաչում է, և նրա հետ ունեն գործնական հարաբերություններ։
Ինչ վերաբերում է սպային ծեծելու միջադեպին, նա ասաց, որ դեմ է յուրաքանչյուր բռնության։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել և բնակվել մարզում, քանի որ այս պահին Երևանում է ապրում։
«Ինքս անկուսակցական եմ և մարզպետի պաշտոնում աշխատելու եմ անկաշկանդ»,- ընդգծեց նա և հավելեց, որ մարզի խնդիրներին ծանոթացել է պաշտոնական կայքից։
168.am-ի հարցին՝ մարզպետարանում կադրային փոփոխություններ կլինե՞ն, նա պատասխանեց, որ առաջիկայում կաշխատի, կտեսնի, այս պահին նման մտադրություններ չունի։
Նա նաև ասաց, որ մարզպետի պաշտոնում իրեն որևէ մեկը չի միջնորդել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան