
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը միջուկային գործարքի իրագործման կոմիտե է ստեղծել

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ձեւավորել է միջուկային գործարքի իրագործման հատուկ կոմիտե, որը ներկայում աշխատում է համաձայնագրի շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի վրա: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Կոմիտեն, որն ստեղծվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից, ներկայում զբաղվում է պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի մշակմամբ»,-նրա խոսքը մեջբերում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «ներկայում (միջուկային գործարքի պահպանման նպատակով եվրոպացիների) գործադրած ջանքերն զգալի արդյունքներ չեն տվել, եւ, եթե իրադրությունը չփոխվի, ապա Թեհրանը կդիմի պարտավորությունների կրճատմանն ուղղված հաջորդ քայլին»:
Նա հավելել է, որ «այդ խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը մնում է բաց»: «Եվրոպացիները եւ հատկապես Ֆրանսիան ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ»,-նշել է Մուսավին:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հատուկ մարմին է, որի մեջ մտնում են իշխանության գործադիր, դատական եւ օրենսդիր ճյուղերի ղեկավարները, երկրի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը, ինչպես նաեւ մի շարք նախարարներ եւ զինվորականներ: Քաղաքական ինստիտուտի հիմնական խնդիրը պաշտպանության ու անվտանգության բնագավառներում երկրի քաղաքականության մշակումն ու պլանավորումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: