Բաժիններ՝

Դատարանը Հարկադիր ծառայության միջոցով Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր կստանա

Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ սկսվեց Երևանի քաղաքապետարանի դեմ «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանի հայցադիմումի քննությունը:

Բաբկեն Հարությունյանն ավելի քան 2 ամիս առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագրի պատճենները ստանալու համար:

Հիշեցնենք, որ Բաբկեն Հարությունյանին քաղաքապետարանից պատասխանել էին միայն այն բանից հետո, երբ նա ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի մոտ, ու հայտնել, որ լրացել է դիմումի պատասխանի համար սահմանված հնգօրյա ժամկետը, բայց ինքը պատասխան չի ստացել:

Քաղաքապետարանը մերժել էր տրամադրել պայմանագրի պատճենները՝ նշելով, որ դա նպատակահարմար չէ, որից հետո Հարությունյանը ստիպված է եղել դիմել դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի Երևանի քաղաքապետարանին տրամադրել քաղաքապետարանի և «ՍանիՏեք», «ՍանիՏեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ների միջև կնքված պայմանագրի պատճենները:

«Այն պատասխանը, որը տվել է Երևանի քաղաքապետարանը, դատարանին նման պահանջ ներկայացնելու համար ուներ բոլոր իրավական հիմքերը, քանի որ վարչական մարմինը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, ոչ թե պետք է ղեկավարվեր նպատակահարմարությամբ, այլ պետք է համապատասխան իրավական հղումներ աներ, որոնք հիմք կհանդիսանային պահանջվող տեղեկությունը չտրամադրելու համար»,- 168.am-ին ասաց դատարանում Բաբկեն Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Նարինե Ճաղարյանը:

Ճաղարյանը գործում ներգրավվել էր երեկ: Պատճառն այն է, որ հայցը ներկայացրած փաստաբանն Արսեն Բաբայանն է, ով այս պահին կալանավորված է և գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

«Հայցը կազմել է Babayan Consulting-ը, որը քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի փաստաբանական ընկերությունն է: Արսեն Բաբայանի կալանքը նաև մեզ համար խնդիրներ ստեղծեց: Ու հիմա այս փոքր տեխնիկական խնդիրը, որ առաջացավ, նաև հետևանքն է Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող ճնշումների: Հիմա մենք էլ ենք կանգնել փաստի առաջ, բայց կարողացանք լուծում գտնել»,- 168.am-ին ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:

Դատարանում Բաբկեն Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Ճաղարյանը հրապարակեց Երևանի քաղաքապետարանից ստացած պատասխանը, որում նշված էր, որ «Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք», «ՍանիՏեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ների միջև կան որոշակի խնդիրներ (այդ թվում՝ դատական գործեր), ուստի նպատակահարմար չենք գտնում ներկայումս Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ նպատակ ունենալով լրացուցիչ դժվարություններ չստեղծել»:

Փաստաբանը խոսքով՝ այս մերժումն անհիմն է, քանի որ նրանում նշված չի եղել գեթ մեկ իրավական հիմնավորում:

«Տեղեկատվության ազատության մասին օրենքով և Սահմանադրության սահմանած նորմերով՝ անձանց տրված է տեղեկատվություն ստանալու ազատություն և, ըստ էության, Երևանի քաղաքապետարանի կողմից նշված գրությունն առանց իրավական հիմնավորումների է, նշված չէ, թե ո՞ր նորմի արգելքն է, որ արգելում է ստանալ տեղեկատվություն: Հղումը կատարված է նպատակահարմարության ու աննպատակահարմարության հիման վրա, որը լիազորված մարմնի լիազորություններում կամ օրենքով նախատեսված հիմքերով առկա չէ»,- դիմելով դատարանին՝ ասաց փաստաբանը:

Գործով պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ ներկայացուցիչ ներկա չէր դատական նիստին:

«Սա Երևանի քաղաքապետարանի, Հայկ Մարությանի վերաբերմունքն է օրենքի նկատմամբ: Ստացվում է, որ հերիք չէ՝ անօրինական, անտրամաբանական ու քմահաճ պատասխան են տվել, մի բան էլ՝ չեն ուզում գալ, պարզաբանել, ներկայացնել, չեն ուզում ընդունել, որ թերացել են, կամ սխալմունք է եղել: Իսկ եթե այդպես չէ, նշանակում է, որ միտումնավոր են արել, ու սրանով Հայկն ուզում է ասել, որ իրեն առհասարակ չի հետաքրքրում քաղհասարակությունը, հասարակությունը»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

Քանի որ դատարանն ապացույցներ ձեռք բերելու լիազորություն ունի, այս գործի շրջանակներում Երևանի քաղաքապետարանից պահանջել էր, որ ներկայացնեն վարչական վարույթի նյութերը՝ հայցվոր Բաբկեն Հարությունյանի դիմումը, քաղաքապետարանի պատասխանն ու այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք եղել են, որոնք այս պարագայում, ըստ էության, այնքան էլ ծավալուն չեն: Բայց Երևանի քաղաքապետարանն անգամ դատարանի պահանջին չի արձագանքել:

Ուստի օրենքի պահանջից ելնելով, դատարանն այսօր որոշեց Հարկադիր կատարման ծառայության միջոցով ստանալ այդ փաստաթղթերը: Հայցվոր կողմը չառարկեց:

Այս փաստաթղթերը ստանալու համար էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Դատական նիստից հետո Հարությունյանի ներկայացուցիչ Նարինե Ճաղարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր աշխատանքային պրակտիկայում երբևէ Երևանի քաղաքապետարանից մերժումներ չի ստացել: Միաժամանակ նա նշեց, որ առհասարակ բոլոր մերժումների դեպքում իրավական հիմնավորումներ են լինում:

Մեր հարցին՝ արդյո՞ք այս դեպքում ևս հնարավոր էր իրավական հիմնավորում ներկայացնել, Ճաղարյանը պատասխանեց. «Վարչական մարմինն իրենք են, իրենք պետք է դա գիտակցեին և այդպես անեին»:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս