
«Ո՞ւր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսում՝ թանկարժեք ավտոմեքենաների՞, կառավարական առանձնատների վերանորոգմա՞ն…». Գևորգ Պետրոսյան

«Ենթադրենք՝ 2020 թվականի բյուջեի վրա իբր հուզված աշխատում են. Բյուջեն, որպես այդպիսին, ինչպես նախորդ տարիների բյուջեները՝ շատ կաշկանդված, խեղճուկրակ բյուջե է»,- անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ բյուջե 2020-ի քննարկումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետը նաև իր դիտարկումները ներկայացրեց՝ եկամուտների, հարկեր-ՀՆԱ, կապիտալ ծախսերի տեսանկյունից:
«Հիմա, իհարկե, բարեփոխումներ կան՝ երիտասարդները, որոնք դեռևս չեն հասցրել որևէ մասնագիտության մեջ խորանալ, բայց հաճույքներ ստանալու կտրվածքով «համապատասխան» ծախսումներ են իրականացնում պետական բյուջեից, տեսեք՝ ինքնաթիռների, մեքենաների, աշխատակազմերի մասին»,- ասաց Վ. Բոստանջյանը:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես հիշեց ծախսերի մասին. «Էդքան որ ասում են՝ սրան բռնեցին, նրան ձերբակալեցին, գումարներ են գանձել՝ ո՞ւր են այդ գումարները, դա պիտի երևա: Ինչի՞ վրա են ծախսում այդ գումարները՝ թանկարժեք ավտոմեքենաների՞, կառավարական առանձնատների վերանորոգմա՞ն: Մարդիկ իրենց համար զվարճանում են. ժողովուրդն ի՞նչ է շահել այդ ամեն ինչից: Եթե ժողովուրդը չի շահում, ուրեմն կառավարություն գոյություն չունի, ոչ մի առաջընթաց չկա:
Մարդ կա՝ կյանքում հեծանիվ չի նստել, էսօր շքեղ ինքնաթիռներից չի իջնում. արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համա՞ր է այս հեղափոխությունն արվել: Ժողովուրդը դեռ սպասում է, ժողովրդի ակնկալիքն առայսօր իրացված չէ, և բավական է տեսարաններով կերակերել ժողովրդին, ժողովուրդն արդեն զզվել է այս թեմաներից, նրանց հետաքրքրում է հացի խնդիրը»:
Զարուհի Դիլանյան