«Ռուսական ռազմաբազաների գործունեության վերահսկողության հարցի լուծման հասցեատերը ՀՀ իշխանությունն է». Սաքունց
«Ռուսական ռազմաբազաների գործառույթների վերահսկողության հարցը բարձրացնում ենք՝ ելնելով օբյեկտիվ հիմնավորումներից»,- այս մասին այսօր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակները, որպես ուսումնասիրության եզրակացություն, նշել էին, որ ռուսական ռազմական բազայի գործունեությունը վերահսկելու մեխանիզմներ պարզապես գոյություն չունեն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական ռազմաբազաներին վերաբերող հայ-ռուսական պայմանագրերը պե՞տք է վերանայվեն, նա ասաց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ:
Ըստ նրա՝ իրենք օրակարգի ձևավորման հարց են բարձրացնում, ելնելով ոչ թե կամայական սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ հիմնավորումներից:
«Այդ հարցի լուծման հասցեատերն իշխանությունն է: Իսկ մեր իշխանությունը թավշա հեղափոխությունից հետո բազմիցս ասել է, լսել ենք, և ես վստահում եմ, որ որևէ գործում չի կարող զիջում կատարել ինքնիշխանության սկզբունքներից: Մենք գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, լուծման պատասխանատուն ԱԺ-ն է, ՍԴ-ն է, այն դատարանն է, որն այս պայմանագրերը համարել է Սահմանադրությանը համապատասխանող»,- ասաց նա: