«Միջգերատեսչական հանձնաժողովի օբյեկտիվության հետ կապված խնդիրներ ունենք». Լևոն Բաղդասարյան

Դատարանի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացությունը գրելիս կաշկանդված են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով միջգերատեսչական հանձնաժողովի այն եզրակացությանը, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ և չեն խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին:

Եզրակացությունը պաշտպաններին ներկայացվել է երկու օր առաջ կայացած դատական նիստի ընթացքում։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, և, որ նրա հիվանդությունները համատեղելի չեն կալանքի հետ, այս ամենը լսվել է, սակայն որևէ գնահատական սրան չի տրվել։

Երկու օր առաջ մեզ ներկայացվեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է տար երեք հարցի պատասխան՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները մտնո՞ւմ են Կառավարության 2006 թվականի որոշման երկրորդ հավելվածով նախատեսված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի մեջ, հիվանդությունները կալանքի ժամանակ ավելացե՞լ են, թե՞ ոչ, և նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ։

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է, որ Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում ձեռք է բերել նոր հիվանդություններ, և, որ դրանք գնում են վատթարացման, ու նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մեզ համար տարօրինակ է այն ձևակերպումը, որ մեր պաշտպանյալի հիվանդությունները ներկա պահին չեն մտնում Կառավարության հաստատած հիվանդությունների ցանկի մեջ, ի՞նչ է նշանակում՝ ներկա պահին: Այսինքն՝ հիմա նայում են՝ չի մտնում, վաղը նայեն՝ մտնելո՞ւ է։ Հանձնաժողովն իր եզրակացության մեջ անդրադարձել է միայն շաքարային դիաբետին՝ ասելով, որ դա կյանքի համար կարող է վտանգավոր լինել, իսկ մյուս հիվանդությունների մասով ոչինչ չկա: Մենք միջգերատեսչական հանձնաժողովի օբյեկտիվության հետ ունենք և կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Ըստ փաստաբանի՝ միջգերատեսչական հանձնաժողովում աշխատում են պրոֆեսիոնալներ, բայց նրանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գրել այն, ինչ կա։

«Միջգերատեսչական հանձնաժողովում կա երկու մարդ Առողջապահության նախարարությունից, մյուս բժիշկներն աշխատում են այս կամ այն հաստատություններում, մի բժիշկ էլ ներգրավվել է մեր միջնորդությամբ, ես չեմ կարծում, թե իրենք չգիտեին՝ ինչ պետք է գրել, իրենք ուղղակի կաշկանդված են եղել գրելու այն, ինչ կա։ Չնայած այս ամենին, Մանվել Գրիգորյանի հիվանդություններն այնքան ակնառու են եղել, որ բժիշկները չեն կարողացել չգրել, որ կալանքի ընթացքում նա ձեռք է բերել նոր հիվանդություններ, և, որ դրանք գնում են վատթարացման, ինչը խոշտանգում է մեր պաշտպանյալի նկատմամբ, նրանք նաև հաստատել են, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Հիմա դատարանում մենք նման պնդումներ անելիս կարող ենք հիմնվել ոչ միայն բուժող բժիշկների եզրակացությունների, այլ արդեն միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության վրա:

Մանվել Գրիգորյանին գիշերային ռեժիմում երկու-երեք ժամը մեկ ցավազրկում են, որ կարողանա դիմանալ ցավերին, նրան անգամ ուզում էին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, մենք թույլ չենք տվել, այնտեղ նրա անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել»,- ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպանը:

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որ մյուս նիստին ներկա լինեն նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է՝ հարցեր ունեն նրանց տալու:

Դատարանն իր հերթին՝ պատրաստվում է դիմել «Նաիրի» բ/կ, որտեղ հիմա բուժում է ստանում Մանվել Գրիգորյանը, որպեսզի նրան բերեն հաջորդ նիստին:

«Չեմ կարող ասել՝ մեր միջնորդությունը կբավարարվի՞, թե՞ ոչ, քանի որ Մանվել Գրիգորյանի հարցում դատարանն անկանխատեսելի է: Իսկ ինչ վերաբերում է՝ նրանք՝ «Նաիրի» բ/կ-ն, ի՞նչ կորոշի, մի անգամ, երբ մենք պնդեցինք, որ Մանվել Գրիգորյանը ներկա լինի նիստին, ինչի արդյունքում նրա վիճակը դատարանում վատացավ, մեզ ասացին՝ մի՛ խառնվեք բժիշկների գործերին, այս դեպքում պատասխանատու ենք մենք: Մանվել Գրիգորյանին դատարան բերելու համար դատարանում պետք է փոքրիկ ռեանիմացիա սարքել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ դատական նիստի ընթացքում ներկայացված փորձագիտական եզրակացության հետ համաձայն չի եղել միայն հանձնաժողովի 7 անդամներից մեկը՝ Նորբերտ Ավետյանը, ով 8 տարի բուժել է Մանվել Գրիգորյանին: Նա իր եզրակացության մեջ գրել է, որ գեներալի կանքին վտանգ է սպառնում:

Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Նա առողջական վիճակի պատճառով չի ներկայանում արդեն 10-ից ավելի դատական նիստերի:
63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույքի յուրացման, հարկերի վճարումից խուսափելու մեջ, պետական միջոցներից գումարներ վատնելու և գույքի հափշտակության մեջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս