Բաժիններ՝

Apple-ը եռամսյակային առավելագույն հասույթն է ստացել ընկերության պատմության մեջ

Apple-ի եռամսյակային հասույթն աճել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի: Համապատասխան տեղեկատվությունը բովանդակվում է ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հոկտեմբերի 30-ին հրապարակված հաշվետվության մեջ։

«Մենք 2019 ֆինանսական տարին հասույթի ամենաբարձր ցուցանիշով ավարտեցինք չորրորդ եռամսյակում, որը լրացել է սեպտեմբերի 28-ին: Դա պայմանավորված է մեր ծառայությունների, շարժական էլեկտրոնիկայի եւ iPad-ների սեգմենտների աճի արագացմամբ»,-նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը: Նա ճշտել է, որ միայն 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում Apple-ի ծառայությունների տրամադրումից հասույթը կազմել է ռեկորդային 12,5 մլրդ դոլար: Զուտ շահույթը եռամսյակի ընթացքում կազմել է 13,686 մլրդ դոլար, որը նվազել է 2018 ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանի 14,125 մլրդ դոլարի համեմատությամբ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում վաճառքների ծավալը հասել է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,946 մլրդ դոլարի, Չինաստանում՝ 11,134 մլրդ դոլարի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ դոլարի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ դոլարի:

iPhone սմարթֆոններն առաջվա պես Apple-ին բերում են ամենամեծ հասույթը՝ մնացած ապրանքների համեմատությամբ: iPhone-ների վաճառքների ծավալը 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կազմել է 33,362 մլրդ դոլար՝ 2018 ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանի 36,755 մլրդ դոլարի դիմաց: Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում վաճառել է 6,991 մլրդ դոլարի (2018 թվականին՝ 7,340 մլրդ դոլարի) iMac համակարգիչներ, 4,656 մլրդ դոլարի (3,983 մլրդ դոլարի) iPad պլանշետային համակարգիչներ: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան 2018 թվականի աշնանը գերազանցել է 1 տրլն դոլարը, բայց ներկա դրությամբ նվազել է՝ հասնելով մոտավորապես 960 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս