
«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը»

«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր առավոտյան գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որն այս պաշտոնից հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետին, և հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի նախագծում։
«Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ դրամ ավելի գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»,- գրել է Ս. Պետրոսյանը։