Իրաքում անկարգությունների զոհ է դարձել 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի
Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի: Այս տվյալները, ինչպես հայտնել է Baghdad al-Youm իրաքյան լրատվական պորտալը, հրապարակել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը։Միայն հոկտեմբերի 30-ին մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումներում զոհվել երկու, վիրավորվել 175 մարդ:
«Անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդհարումների, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների կենտրոնակայանների մոտ անկարգությունների հետեւանքով, երբ գործի են դրվել արցունքաբեր գազ, մահակներ ու քարեր, զոհվել է 100 եւ վիրավորվել 5,5 հազար մարդ,- ասված է հանձնաժողովի՝ հրապարակված հայտարարության մեջ:- Ձերբակալվել է 399 մարդ, ավելի վաղ ձերբակալվածներից ազատ է արձակվել 343 հոգի, վնաս է պատճառվել 98 պետական ու մասնավոր օբյեկտների»:
Հանձնաժողովի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Բաղդադում եւ նահանգներում «նկատվում է ցուցարարների թվի աճ, որոնց միացել են արհմիիությունները, ուսանողությունը, պետական հիմնարկությունների, ինչպես նեւ տարբեր ասոցիացիաների աշխատակիցները»:
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, որոնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ է սահմանվել ընդհուպ մինչեւ հետագա ծանուցում:
Մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 260 մարդ, տուժածների թիվը մտենում է 10 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: