
«Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»:
https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10158097670264026
Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշել էր, որ տեղեկություն չունի Բաբայանի և անչափահաս երեխաների տեսակցության արգելքի մասին:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, որ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ»,- ասել էր ՀՔԾ պետը:
Ս. Խաչատրյանի այս հայտարարությունից հետո Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ.Ավետիսյանի որոշումը Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին: Որոշման պատճենն ամբողջությամբ փաստաբանը հրապարակել էր՝ հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան:
https://www.facebook.com/photo.php?fbid=2650772524980973&set=a.153274771397440&type=3&theater
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 38-300-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանն Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու ՀՔԾ միջնորդությունը բավարարել էր հոկտեմբերի 24-ին, ինչից հետո Բաբայանի պաշտպանները հայտարարել էին, որ պատրաստվում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շահերը վերականգնելու համար դիմել ՄԻԵԴ: