
«Եթե մանկապարտեզի տնօրենը չլիներ իմ մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով:
Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:
Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլևս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը: Փաստորեն՝ փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին:
Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:
Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:
Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է»: