Բաժիններ՝

«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»

«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով։

«Մենք զգացինք, որ չենք կարող բավարար ուշադրություն դարձնել ո՛չ «Աստղային պատերազմներին», ո՛չ Netflix-ի նախագծերին: Ուստի մենք մեծ ափսոսանքով թողնում ենք նախագիծը»,-հայտնել են Բենիոֆը եւ Ուայսը: Lucasfilm կինոստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին իր հերթին նշել է, որ ընկերությունում հույս ունեն համագործակցել «Գահերի խաղի» ստեղծողների հետ, երբ որ նրանք կկարողանան ժամանակ գտնել «Աստղային պատերազմների» համար:

Disney-ն «Աստղային պատերազմների» կինոաշխարհի նկատմամբ իրավունքներն ստացել է 2012 թվականի հոկտեմբերին Lucasfilm կինոստուդիան գնելու հետ միասին: 2019 թվականի մայիսի սկզբին ընկերությունը ներկայացրել է թողարկման պլանավորվող ֆիլմերի ցուցակը, ներառյալ «Աստղային պատերազմների» երեք նոր էպիզոդները, որոնք պետք է հայտնվեն 2022, 2024 եւ 2026 թվականներին: Այն ժամանակ տեղեկացվել էր, որ եռերգության առաջին մասը կնկարահանեն Բենիոֆը եւ Ուայսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս