Բաժիններ՝

«Վիրավորում են նրանք, ովքեր վստահ չեն իրենց ճշմարտության մեջ». Ռուբեն Բաբայան

«Նախարարության նոր կազմն այսօր բազմաթիվ քայլեր է անում, բայց, միևնույն է, մենք դեմ ենք առնում մի հարցի՝ Հայաստանում չկա հովանավորչության մասին օրենք ու, ցավոք սրտի, ցանկություն էլ չկա այդ մասին մտածելու: Փաստարկներ են բերում, որ կոռուպցիոն ռիսկերը վերահսկելը շատ դժվար է: Ես միշտ ասում եմ, եթե պայքարում եք մաքսանենգության դեմ, չեք փակում մաքսատները»,- ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Հայաստանում հովանավորչության մասին օրենքի բացակայության մասին:

Կոռուպցիոն ռիսկերը վերահսկել չկարողանալու մասին Բաբայանն իմացել է տարբեր խոսակցություններից, ոչ թե անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից կամ փոխնախարարից:

«Անձամբ ոչ նախարարից, ոչ փոխնախարարից նման պատասխան չեմ ստացել, բայց կուլիսային խոսակցություններ են եղել: Գիտեք, երբ գալիս է նոր իշխանություն, իր հետ բերում է որոշակի հայեցակարգ: Վախենում եմ, որ այդ հայեցակարգում Հովանավորչության մասին օրենքը չկա»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ձեռքերը ծալած չի նստելու:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ հովանավորչության մշակույթի զարգացման շնորհիվ բիզնեսն ավելի քաղաքակիրթ կդառնա, ու հանրության շրջանում կդադարեն նաև այսօր հաճախ հնչող վիրավորանքները:

«Վիրավորում են նրանք, ովքեր վստահ չեն իրենց ճշմարտության մեջ: Ագրեսիվությունը գալիս է անվստահությունից»,- նկատեց Բաբայանը:

Տիկնիկային թատրոնը տարին մեկ անգամ Մշակույթի նախարարությունից որևէ փառատոնի մասնակցության ճանապարհածախս է կարողանում ստանալ: Այլ փառատոների մասնակցել կարողանում են, եթե ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

«Հովանավորչությունը քաղաքակրթական մտածողության մի մասն է: Երբ մեծահարուստը հասկանում է, որ իր հաջողություններով պարտական է հանրությանը, որոշում է փոխհատուցել: Դա անելու ուղին թատրոնն է, կրթությունը: Բրոդվեյում երբ հանդիպեցի թատրոնի ղեկավարների հետ, ասացին, որ հովանավորներ հավաքելը շատ հեշտ գործ է, որովհետև բոլոր մեծահարուստները շնորհակալ են ժողովրդին, որովհետև նրանց շնորհիվ են հարստացել, և պարտական են ժողովրդին: Այստեղ՝ Հայաստանում, մեծահարուստները ժողովրդին պարտական չեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միայն ձևական գործունեություն ծավալելով ու մարդկանց աչքին «թոզ» փչելով՝ երկիրը քաղաքակիրթ չի դառնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս