«Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի». ՀՔԾ պետը՝ Հրայր Թովմասյանին հարցաքննելու մասին

Երեկ ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՔԿ-ում հարուցված և Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով վարույթի ընդունմանը՝ նշեց, որ քրեական գործը երեկ են ստացել, դեռևս ուսումնասիրում են:

«Այդ գործով որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունքին, ապա մենք հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով գնահատականներին, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է, Սասուն Խաչատրյանն ասաց, թե բազմիցս հայտարարել է, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում և ենթարկվում է միայն օրենքին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս