Բաժիններ՝

ՀԱՊԿ-ն դեռևս ՆԱՏՕ-ից պատասխան չի ստացել համագործակցելու մայիսյան առաջարկությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մինչ այժմ ՆԱՏՕ-ից պաշտոնական պատասխան չի ստացել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ մայիսին ուղարկված առաջարկությանը: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Այս տարվա մայիսին ՀԱՊԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, նպատակ ունենալով կազմակերպությունների միջեւ ամրապնդել վստահությունն ու զարգացնել համագործակցությունը գլոբալ ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերում, ուղարկել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներին հասցեագրված բաց ուղերձ, որին մենք մինչ այժմ պաշտոնական պատասխան չենք ստացել: Կարծում եմ, որ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են»,-ասել է նա ՀԱՊԿ-ի «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դերի եւ բնույթի մասին» միջազգային խորհրդաժողովում:

Դրա հետ մեկտեղ Սեմերիկովը նշել է, որ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգանում է հաջողությամբ: «Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք, թե ինչպես է զարգանում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՇՀԿ-ի հետ գործող հուշագրերի շրջանակներում, եւ հանդես ենք գալիս այդ համագործակցության ընդլայնման օգտին»,-հավելել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս