
Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հայության համար ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Գրառման մեջ ասվում է.
«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:
Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։
Գրառմանը կից Մասիսի Մայիլյանը նաև ներկայացրել է լուսանկարներ։