Ժամանակն է, որ Թուրքիան ստանձնի պատասխանատվություն հայերի համակարգված բնաջնջման համար. Փալոն
Միացյալ Նահանգները մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, և պետք է անի հնարավոր ամեն ինչ ՝ կանխելու և դադարեցնելու իրական ժամանակի վայրագությունները։ Նման տեսակետ հայտնեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը՝ հզոր հիշեցում է այն մասին, որ մենք չենք թիկունք չենք դարձնի իրականությանը, մենք գիտենք, որ մարդկության դեմ հանցագործությունը եղել է։ Այսօր կանգնած ենք այստեղ ՝ հարգանքի տուրք մատուցելու այս սարսափելի պատմության զոհերին, տոկունության կոչ անելու վերապրածների ժառանգներին, ովքեր շարունակում են ամրապնդել մեր երկիրը: Մենք պարտավոր ենք հարգելով պատմությունը անկեղծորեն հայտարարել, որ 1.5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Բանաձևը չի կարող վերացնել այն սարսափը, որը կրել են զոհերը կամ ցավը, որը կրում են նրանց սերունդները, բայց մենք պետք է անկեղծ խոսենք անցյալի մասին, որն ուղղակիորեն կապված է ապագայի նկատմամբ մեր բարոյական պատասխանատվության հետ»,- ասաց Փալոնը։
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, քրդերի սպանությունը Թուրքիայի նախագահ Էրդոհանի ձեռքով, անընդունելի է:
«Եվ ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ստանձնի պատասխանատվություն անցյալ դարում հայերի համակարգված բնաջնջման համար և պարտավորվի պաշտպանել մարդկային յուրաքանչյուր կյանքի արժանապատվությունը»,- ընդգծեց Փալոնը։