Բաժիններ՝

Հասմիկ Խեչիկյանը՝ ընդդեմ Մանուկ Նիգոյանի. Դատարանը վերադարձրել է հայցադիմումը

Դատարանը հետ է վերադարձրել Հասմիկ Խեչիկյանի հայցն ընդդեմ Մանուկ Նիգոյանի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը:

Սեպտեմբերի 24-ին «Մշակութային հասարակություն» հ/կ հիմնադիր Հասմիկ Խեչիկյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Մանուկ Նիգոյանի՝ իր գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով:

«Որոշումը ստացել եմ այսօր: Դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը, քանի որ հայցը չի համապատասխանում ՀՀ դատավարական օրենսգրքի պահանջներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանուկ Նիգոյանը:

Հայցադիմումի համար հիմք էր հանդիսացել Մանուկ Նիգոյանի այն հայտարարությունը, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը «Գրքի երևանյան փառատոնը» կազմակերպելու համար դրամաշնորհ է տրամադրել «Մշակութային հասարակություն» հ/կ-ին, այն պարագայում, որ դա դրամաշնորհային ծրագիր չէ, պատշաճ ծանուցում մրցույթի մասին չի եղել, դրամաշնորհ ստացած հ/կ-ն էլ պատկանում է ԿԳՄՍ նախարարության աշխատակից Հասմիկ Խեչիկյանին, ինչում Մանուկ Նիգոյանը դիտավորություն էր տեսնում:

«Իմ դեմ ներկայացված հայցադիմումը ծիծաղելի էր, բայց անակնկալ չէր, որովհետև վերջին անգամ իմ մոտավորապես 3 էջ պատասխանից հետո ուրիշ բան չէր  մնում անել, քան լռել ու դրանով հաստատել իրենց մեղքը, կամ դիմել դատարան՝ քայլ անելով ու ցույց տալով մարդկանց, որ իրենք այնքան ճիշտ են, որ նույնիսկ դատարան են գնում, որ ապացուցեն իրենց իրավացիությունը, այսինքն՝ դա ջրում հայտնված խեղդվող մարդու վերջին փրկությունն էր, փրփուրներից էր կախվում:
Նախ՝ պետք է բարի համբավ ունենային, որ արատավորեի, հետո իմ կատարած գործողությունների մեջ չի եղել հանցակազմ  և որևէ գործողություն, որը հակասում է ՀՀ օրենքին:  Ինձ համար կանխատեսելի է, որ հայցը կմտնի դատարան, քանի որ դեռ բողոքարկելու հնարավորություն և ժամանակ ունեն, և դատարանը ոչ թե կվերադարձնի հայցը, այլ կմերժի պահանջը հայցադիմողի»,- ասաց Մանուկ Նիգոյանը:

168.am-ը կապ հաստատեց նաև դատարանում  «Մշակութային հասարակություն» հ/կ հիմնադիր Հասմիկ Խեչիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Հարությունյանի հետ: Մեր հարցին՝ իրենք դատարանի որոշումը ստացե՞լ են, փաստաբանը պատասխանեց, որ՝ ոչ, չնայած datalex.am կայքում որոշումը թվագրված է 04.10.2019թ.:

«Մենք դեռ որոշումը չենք ստացել, դա պայմանավորված է նրանով, որ  դատարանն ուղղակի ուշացրել է որոշում տալը, մենք նույնիսկ հարցում ենք ուղարկել, թե ինչու է ուշանում, բայց մինչև օրս չենք ստացել:
Ինչ վերաբերում է դատարանի՝ հայցը հետ վերադարձնելուն, ապա ասեմ, որ տեխնիկական վրիպակ է եղել, կամ կարող եմ ասել նույնիսկ՝ դատարանի մեկնաբանության հարց կա այստեղ, դատարանն ասում է՝ գրել եք, որ կան սքրինշոթեր, չեք մանրամասնել՝ ի՞նչ կայքերի մասին է խոսքը, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը, խնդրել են անհատականացնել: Չեմ կարող ասել՝  ինչքանով պետք է դրա համար Վերաքննիչ դիմել, դժվար չէ նորից տալ հայցը՝ մանրամասները նշելով: Ես կքննարկեմ վստահորդիս հետ, եթե տրամադրվածությունը փոխված չլինի՝ կդիմենք կրկին, եթե փոխված լինի, ապա՝ ոչ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:

Մանուկ Նիգոյանն ավելի քան մեկ շաբաթ առաջ հայտնել էր, որ Հասմիկ Խեչիկյանը լքել է Հայաստանը: Եվ հիմա դժվարանում է ասել, թե ո՞վ է կազմակերպելու Գրքի երևանյան փառատոնը, եթե գլխավոր կազմակերպիչը երկրում չէ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս