
Լեյբորիստների առաջնորդն աջակցություն է խոստացել Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններին

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ իր կուսակցությունը կպաշտպանի վաղաժամկետ ընտրությունները երկրում։
«Ես միշտ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ընտրություններին, եւ մեր աջակցությունը կախված է այն բանից, թե օրակարգից կհանեն արդյոք առանց (Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ) համաձայնագրի Brexit-ը»,-հայտարարել է Քորբինը, որի խոսքը հոկտեմբերի 29-ին մեջբերում է Sky News հեռուստաալիքը: Քորբինը պարզաբանել է, որ լեյբորիստների պայմանը կատարվել է «առաջիկա երեք ամսվա համար»:
ԵՄ-ն եւ Լոնդոնը պայմանավորվել են Brexit-ը 2019 թվականի հոկտեմբերի 31-ից հետաձգել 2020 թվականի հունվարի 31-ը: Քորբինը խոստացել է, որ իր կուսակցությունը կսկսի «ամենահավակնոտ եւ ամենաարմատական արշավը Մեծ Բրիտանիայում իրական փոփոխությունների հասնելու համար»:
Չնայած այն բանին, որ լեյբորիստների առաջնորդն պաշտպանել է վաղաժամկետ ընտրությունները, նա չի ճշտել, թե իր կուսակցությունը կպաշտպանի արդյոք հենց դեկտեմբերի 12-ին ընտրությունների անցկացման օրինագիծը, որը հոկտեմբերի 29-ին քննարկման է դնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նշում է BBC News-ը: Ջոնսոնն արդեն երեք անգամ վաղաժամկետ ընտրությունների մասին նախաձեռնություն է մտցրել խորհրդարան, բոլոր երեք անգամն էլ այն չի կարողացել հավաքել պատգամավորների ձայների անհրաժեշտ երկու երրորդը, մասնավորապես, այն բանի պատճառով, որ քվեարկությունից ձեռնպահ են մնացել լեյբորիստները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: