
«Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում չեղարկվել է հրդեհների պատճառով

«Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի (2019 թ.) պրեմիերային ցուցադրությունը հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսում չեղարկվել է Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Paramount Pictures կինոստուդիան:
«Թերմինատոր» հոլիվուդյան ֆրանշիզայի վեցերորդ մասի պրեմիերան պետք է հոկտեմբերի 28-ին տեղի ունենար «Չինական թատրոնում»:
«Այդ շրջանում շարունակվող սաստիկ հրդեհների ֆոնին Paramount-ը եւ Skydance-ը չեղարկել են «Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի գիշերային պրեմիերան Լոս Անջելեսում: Մենք ուտելիքը, որը նախատեսված էր պրեմիերայից հետո կայանալիք ընդունելության համար, անվճար կհանձնենք ամերիկյան Կարմիր Խաչին, որն ապահովում է նրանց, ում հրդեհները վնաս են հասցրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Որպես կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ հանդես է գալիս Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել է «Թերմինատոր» (1984 թ.) եւ «Թերմինատոր 2. վերջին դատաստանի օրը» (1991 թ.) ֆիլմերը: Ժապավենի ռեժիսորը Թիմ Միլլերն է, որը նկարահանել է «Դեդփուլ» կինոկոմիքսը (2016 թ.): Ֆրանշիզայի երկրպագուները կրկին կտեսնեն Առնոլդ Շվարցենեգերին, որը T-800 կիբորգի դերակատարն է: Մարդակերպ ռոբոտ Գրեյսի դերում հանդես է եկել դերասանուհի Մաքքենզի Դեւիսը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կալիֆոռնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել այս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: