Ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը. Բրիտանացի բժիշկներ
Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել է» կյանքի աճած տեմպի եւ սթրեսի պատճառով: Այդ հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրվա, որը նշվում է հոկտեմբերի 29-ին, նախօրյակին ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները տվել են իրենց գործնական հանձնարարականները, թե ինչպես կանխել եւ խուսափել հարվածից։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) տվյաներով՝ Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ արձանագրվում է ինսուլտի առնվազն մեկ դեպք: Եթե անցյալ հարյուրամյակի վերջին «ռիսկի գոտում» էին գտնվում 45 տարեկանից բարձր տղամարդիկ եւ 55 տարեկանից բարձր կանայք, ապա այժմ ինսուլտ է հանդիպում 30-ամյա եւ նույնիսկ 25-ամյա երիտասարդների մոտ: Ինչպես պատմել է Մեծ Բրիտանիայի Ինսուլտի դեմ պայքարի ասոցիացիայի(Stroke Association) ներկայացուցիչ Քլեր Շաթլուորֆը, ինսուլտի կանխման համար անհրաժեշտ է հետեւել զարկերակային ճնշմանը: «Բարձր ճնշումն ինսուլտի ռիսկի ամենագլխավոր վերահսկելի գործոնն է»,- ասում է գործակալության զրուցակցուհին:
Մեծ Բրիտանիայի NHS-ի մասնագետները ինսուլտի կանխման համար խորհուրդ են տալիս պահպանել հավասարակշռված սննդակարգ, զբաղվել ֆիզիկական վարժություններով եւ հրաժարվել վնասակար սովորություններից: Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ, տապակած եւ չափազանց աղի սննդից: Դրա փոխարեն ավելացնել ավելի շատ բանջարեղեն եւ բջջանյութի հարուստ պարունակությամբ մթերքներ: Նաեւ խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կատարել սիրտ-անոթային համակարգն ամրապնդող ֆիզիկական վարժություններ:
«Հետազոտությունների համաձայն՝կանոնավոր ֆիզիկական վարժություններն ինսուլտի վտանգը կրճատում են 27 տոկոսով: Դուք պետք է 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվության ձգտեք շաբաթական հինգ կամ ավելի անգամ»,- հավելել էStroke Association-ի ներկայացուցիչը: