Համբերություն և հետևողականություն. «Բարսելոնան» պետք է զգույշ լինի Անսու Ֆաթիի տաղանդի հետ
Եթե նախկինում երբևէ չեք լսել Անսու Ֆաթի անունը, ձեզ ներված համարեք: Մեկ ամիս առաջ «Բարսելոնայի» երկրպագուների մեծամասնությունը նույնպես գաղափար չուներ, թե ինչ տղա է նա և որտեղից է եկել: Բայց ակումբում այս երիտասարդի կարիերան ընթանում է շատ ավելի հաջողակ, քան յուրաքանչյուրը կարող էր պատկերացնել:
Վերջին 78 տարիների ընթացքում դառնալով «Բարսելոնայի» ամենաերիտասարդ դեբյուտանտներից մեկը՝ «Օսասունայի» հետ արդյունավետ խաղից հետո, Ֆատին պարգևատրում ստացավ Էռնեստո Վալվերդեից և մեկնարկային կազմում դուրս եկավ «Վալենսիայի» դեմ խաղում: Վերլուծաբանները կանխատեսում էին սենսացիոն արդյունք, և Անսումանեն կարևոր դեր խաղաց դրանում:
16-ամյա ֆուտբոլիստը հայտնվեց ուշադրության կենտրոնում և պատմության մեջ ներդրում ունեցավ՝ դառնալով Լա Լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը մեկ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ամեն ինչ նույնիսկ ավելի տպավորիչ էր. նրան ընդամենը 7 րոպե պահանջվեց երկու անգամ աչքի ընկնելու համար «Վալենսիայի» հետ ջախջախիչ խաղում, որն ավարտվեց կատալոնացիների համար 5։2 հաշվով հաղթանակով: Հանդիպման մեկնարկից անցել էր ընդամենը 110 վայրկյան, երբ Ֆաթին փոխանցում ստացավ Ֆրենկի դե Յոնգի կողմից և աջ հարվածով ցնցեց մրցակցի դարպասը: Հինգ րոպե անց նա վերադարձի ծառայություն մատուցեց հոլանդացուն՝ ներխուժելով տուգանային հրապարակ և ճշգրիտ փոխանցում կատարելով Ֆրենկիին:
Այնուհետև Ֆաթին շարունակեց հիացնել «Կամպ Նոուի» երկրպագուների 80.000-անոց բանակին՝ մի շարք հմուտ անցումներով ձախ եզրով և մի քանի անգամ մոտենալով գոլային պահին: Այս երիտասարդը հասկացրեց, որ ինքը ցուցադրելու բան ունի, և ավելին, նա պատրաստ էր ավելի շատ ձգտելու: Կասկած չկա, որ Անսուն մեծ ներուժ ունի, և հեշտությամբ կարող ենք մոռանալ, որ նա ընդամենը 16 տարեկան է: Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ նա դեռ շարունակում է զարգանալ որպես խաղացող, և այդ պատճառով կարևոր է, որ «Բարսելոնան» պլան ունենա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Փաստորեն, Ֆաթիին հաջողվեց վայելել իր արագ դեբյուտը և առաջին թիմի տոմսը միայն այն պատճառով, որ վնասվածքներ էին ստացել Մեսսին, Սուարեսը և Դեմբելեն: Իդեալական իրավիճակում, երբ ամբողջ թիմը հիանալի մարզավիճակում կլինի, երիտասարդը պարզապես ամբողջովին կկորցնի իր տեղը: Իրականում դա արդեն պատահել է:
Անսուի առաջին դեբյուտից հետո շատ նախազգուշացումներ եղան նրա մասին: Վալվերդեն ընդգծեց «ֆուտբոլիստի պաշտպանության համար աշխատելու կարևորությունը», իսկ դրան ավելացրեց «Բարսելոնայի» պաշտպան Կլեմենտ Լանգլեն. «Մենք պետք է զգույշ լինենք նրա հետ և պահենք նրա հավասարակշռությունը: Նա պետք է լսի մարդկանց և շատ աշխատի, քանի որ «Բարսայի» համար խաղալը շատ դժվար է»:
Այս դեռահասի կարիերայի սկիզբը պարզվեց, որ շատ հաջող է, բայց այս մրցաշրջանում մեկնարկային կազմի համար ընտրության առավելությունը կտրվի Մեսսիին, Սուարեսին և Անտուան Գրիզմանին: Այս իրավիճակում Ֆաթին կարող է միայն հույս ունենալ Դեմբելեի հետ պայքարելու համար։
Ամենայն հավանականությամբ, նրան կուղարկեն «Բարսելոնա Բ», որպեսզի նա շարունակի զարգանալ: Հաշվի առնելով նրա ելույթները, Ֆատիի կողմնակիցներն ու մտերիմ շրջանակին գուցե դուր չգա այս որոշմանը: Բայց ակումբն անում է այն, ինչը լավագույնն է իր և թիմի համար:
Նրանց համար շատ կարևոր է օգնել երիտասարդությանը, չթողնելով նրանց կտրվել երկրից և հասկացնելով, որ ամեն ինչ արագ և հեշտ չի ստացվում։ Բարեբախտաբար, Անսուի ծնողները, կարծես, լավ գործ են անում՝ երիտասարդին ճիշտ ուղղությամբ աջակցելու համար:
Մենք արդեն հանդիպել ենք օրինակների, թե ինչպես է ճնշումը բացասաբար անդրադառնում երիտասարդ խաղացողների վրա և արտացոլվում նրանց կարիերայի ուղիների վրա: Անհրաժեշտ չի լինի երկար մտածել և կհիշենք Բոյան Կրկիչի և Ժերար Դեուլոֆեուի դեպքերը: Առաջինին կանխատեսում էին Զլատան Իբրահիմովիչի տեղը, իսկ երկրորդին կոչվեցին Մեսսիի ժառանգ: Իսկ հիմա ո՞ւր են նրանք։
Եթե «Բարսելոնան» ցանկանում է խուսափել Ֆաթիի համար նման արդյունքից, ապա Վալվերդեն պետք է ունենա հստակ պլան այս երիտասարդի համար, և գերադասելի է այնպիսի պլան, որի նկատմամբ ակումբի վստահությունն ակնհայտ լինի: Հաշվի առնելով այն մրցաշարերի քանակը, որին մասնակցում է «Բարսելոնան»՝ նա շատ հնարավորություններ կունենա առաջին թիմում խաղալու համար: Ճիշտ է՝ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հաճախ, որքան մենք կցանկանայինք:
Ֆաթիի կապը ակումբի հետ առանձնահատուկ իմաստ ունի: Նրանց խնդիրն այժմ նրան հետագա զարգացումն ապահովելն է, քանի որ եթե նա պատշաճ կրթված լինի «Բարսելոնայի» շարքերում, նա կլինի խաղացող, որը կարող է դառնալ հաջորդ սուպերաստղը: Այնպես որ, զարմանալի չէ, որ «Բարսայի» երկրպագուները իսկապես ցանկանում են ավելի հաճախ տեսնել նրան դաշտում:
Անսու Ֆաթի․ հիշեք այս անունը: Հետո պարզապես չեք կարող մոռանալ այն:
Սիրարփի Աղաբաբյան