Կատալոնիայի ղեկավարը Մադրիդին կոչ է արել համաձայնել տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվեին
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան Իսպանիայի իշխանություններին կոչ է արել համաձայնել տարածաշրջանի ինքնորոշման նոր հանրաքվեի անցկացմանը։
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջը՝ չառաջադրելով նախնական պայմաններ,- նշել է ինքնավար մարզի ղեկավարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:- Կատալոնիայի կառավարությունը հանդես կգա ինքնորոշման շուրջը պետության հետ համաձայնեցված հանրաքվեի օգտին»: «Ես միշտ պաշտպանում եմ երկխոսությունը, բռնության բացակայությունը եւ ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Տոռան: «Ես հինգ օր փորձեցի զանգահարել Իսպանիայի կառավարության նախագահի պաշտոնակատար (Պեդրո Սանչեսին), բայց նա չցանկացավ ինձ պատասխանել,- ասել է Տոռան:- Մեր կարծիքով՝դա անպատասխանատվության առավելագույն դրսեւորումն է: Իսպանիային անհրաժեշտ է անսալ Կատալոնիային»: Ինչպես կարծում է տարածաշրջանի ղեկավարը, «կարելի է խոսել ոչ թե կատալոնական, այլ իսպանական ճգնաժամի մասին»: «Ինստիտուցիոնալ անկայունությունը, որն այժմ կարելի է տեսնել Իսպանիայում, երկխոսություն վարելու անկարողության, ինչպես նաեւ քաղաքական հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու (անկարողության) հետեւանքն է»,- հավելել է Տոռան:
Իսպանիայի կառավարությունը բազմիցս կրկնել է, որ թույլ չի տա հանրահարցում անցկացնել երկրի կազմից Կատալոնիայի դուրս գալու հարցի շուրջը: