«Այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019թ. հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) արգելել է մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ News.am, Hayeli.am, 168.am, Yerevan Today, 7or.am, Livenews.am կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Հասարակական կազմակերպությունն իր էությամբ պետք է բաց կառույց լինի և շահագրգռվածություն ցուցաբերի իր գործունեությունը լայնորեն լուսաբանելու համար։
Թեև հայաստանյան լրատվական դաշտում ձևավորվել է մի իրականություն, որտեղ լրատվամիջոցները սպասարկում են տարբեր քաղաքական շահերի, այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները չպետք է խտրականություն դրսևորեն՝ առաջնորդվելով իրենց համակրանքով կամ հակակրանքով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՄԱՀՀԻ-ին՝ վերանայել իր մոտեցումը լրատվամիջոցների հետ աշխատելիս, հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ և ապագայում բացառել խտրականությունը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ