«Վերոհիշյալ դրվագները հաստատող տեսագրությունները պահպանված են և կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին և ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ Թովմասյնաի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել:
Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը «Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ» ակումբի անդամ էր և խաղում էր մի թիմում, որի ավագը ես էի:
Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաև գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ, նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանույթունը թիմում և դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել:
Ավելին, թեպետ շուրջ 2 տարի է մեր թիմը հանդես չի գալիս մրցույթներում, ես կարող եմ պնդել, որ չարագործը, առ այսօր ներքուստ չի հրաժարվել այդ մտադրությունից, և ես վստահ եմ, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նա նորից կփորձի զավթել իշխանությունը մեր թիմում:
Միաժամանակ, Հրայր Թովմասայնը, ըստ ամենայնի, հանցավոր պայմանավորվածության արդյունքում իր հոգին գիտելիքի դիմաց վաճառելով սատանային, պարզապես փայլուն էր խաղում, իսկ մի տարի անգամ ճանաչվեց խաղաշրջանի լավագույն խաղացող: Կազմակերպիչներից և հովանավորներից ստանալով համապատասխան նվերները և պարգևները, այդ թվում՝ դրամական, նա իր անձի շուրջ կեղծ դրական տպավորություն ստեղծելու նպատակով հանցավոր սխեմաներով փոխանցել է բարեգործական նպատակներով:
Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:
Չբավարարվելով թիմի ներսում իր պառակտիչ գործունեությամբ, նա խաղերի ընթացքում պարբերաբար վիճաբանության էր բռնվում նաև խաղը վարողի հետ, այսպիսով փորձ անելով զավթել իշխանությունը ողջ հաղորդաշարում, կամ առնվազն՝ տաղավարում:
Վերոհիշյալ դրվագներն հաստատող տեսագրությունները պահպանված են և կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա:
Նշված, ինչպես նաև այլ փաստերի ուսումնասիրության համար պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել հատուկ կարևոր ինտելեկոտւալ հանցագործություններով զբաղվող խումբ:
Պատրաստ եմ համագործակցել նախաքննության հետ»:
Հետևելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին և ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն…
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 29. Oktober 2019