Լիբանանում 12 օր շարունակ կազմալուծված է բոլոր բանկերի աշխատանքը
Լիբանանում բանկերը 12 օր շարունակ փակ են ամբողջ երկում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին։
Զանգվածային ցույցերը Լիբանանում շարունակվում են հոկտեմբերի 17-ից: Տարբեր տվյալներով՝ ընդամենը հակակառավարական ակցիաներին մասնակցում է ավելի քան երկու միլիոն մարդ, այն դեպքում, երբ երկրի ամբողջ բնակչությունը կազմում է չորս միլիոն: Բողոքավորների գլխավոր պահանջը Սաադ Հարիրիի գործող կառավարության հրաժարականն է: Ակտիվիստներն ամեն օր արգելափակում են երկրի հիմնական ավտոմայրուղիները եւ խոշոր քաղաքների, ներառյալ մայրաքաղաքի գլխավոր ճանապարհները: Բացի բանկերից, կազմալուծված է դպրոցների եւ համալսարանների աշխատանքը:
«Բանկերը վախենում են բացել դռներն սպասարկյալների համար, քանի դեռ փողոցներում շարունակվում են զանգվածային ցույցերը: Նաեւ բանկերը վախենում են բացվել, որովհետեւ չեն կարողանա բավարարել շուկայի ամբողջ պահանջարկը, այդ թվում՝ ապահովել Լիբանանի սահմաններից դուրս բոլոր ցանկացող սպասարկյալների ավանդների փոխանցումները»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է երկրի խոշորագույն բանկերից մեկի առաջատար կառավարիչ Իյադ Ասաադը:
Նրա խոսքով՝ բնակչությունն ինքը վախենում է, որ բանկերի բացվելու դեպքում կտրուկ կփոխվի դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքը, ինչը խիստ կվատթարացնի քաղաքացիների ֆինանսական դրությունը: Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավարը հոկտեմբերի 28-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին տնտեսությունում «կոլապս» կսկսվի, եթե զանգվածային ցույցերը շարունակվեն, եւ լուծում չգտնվի: