«Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը մի քանի առանձնահատկություն ունի». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի համար Սիրիայի հարցը և Ասադը՝ մասնավորապես, ամբիցիոզ ծրագիր չէ:
«Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը մի քանի առանձնահատկություն ունի՝ իրենց համար մեծ նշանակություն ունի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և այն, որ չի կարելի իշխանություններ փոխել՝ դրսից տղա բերելու տրամաբանությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարմանը՝ նա նկատեց, որ այս հարցում էական տարբերություններ կան ԱՄՆ գործող և նախկին ադմինիստրացիաների միջև:
Նա հիշեցրեց, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի պատերազմն իրենց պատերազմը չէ. «ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ընդհանրապես 3000 հոգանոց կոնտինգենտ չունենալ, բայց մերձակայքում գտնվող ռազմաբազաներով իր համար կարևոր խնդիրները լուծի։
Թրամփը բոլորից ազնիվ ու թափանցիկ է եղել ու ասել է, որ զորքերը դուրս է բերում Սիրիայից, չի ցանկանում ուրիշի անվտանգությունն ապահովվել և սեփական զինվորներին մահվան տանել»:
Բանախոսն ընդգծեց, սակայն, որ ԱՄՆ-ի կողմից զորքերը Սիրիայից դուրս բերելը դեռ չի նշանակում, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում շահեր ընդհանրապես չունի և չի փորձելու դրանք սպասարկել:
Զարուհի Դիլանյան