Գեղարքունիքի մարզպետը նախկին գյուղապետերից 1500 հեկտար հող է «ազատագրել»
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կոռեկտ չի համարում անդրադառնալ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և քարտուղարների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ, ըստ նրա՝ դրան մանրամասն արդեն անդրադարձել է վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացումից հետո իր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, բայց 800.000 դրամ աշխատավարձ ստանալն իր ընտանիքում ոչինչ չի փոխել, քանի որ ոչինչ տուն չի տանում:
Հարցին, թե մարզում ի՞նչ է փոխվել՝ Գնել Սանոսյանը պատասխանեց, որ օրերս ամփոփել է իր կառավարման մեկ տարին, ավելին՝ լրագրողներին հրավիրել էր լուսաբանելու, սակայն չեն գնացել:
«Պետք է գայիք ու տեսնեիք՝ ինչ է փոխվել: Ինչո՞ւ չեք գալիս, ժողովուրդ ջան: Գրանցեք ու ասեք, որ 1500 հեկտար հող եմ ազատագրել, դա ազատագրել եմ նախկին գյուղապետերից: Մարզում ասֆալտապատվում է մի տարածք, որը երբեք չի ասֆալտապատվել, այն ռազմավարական նշանակության տարածք է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները նման բարձր աշխատավարձ ստանան՝ միջինացված 30 տոկոս:
Նա նաև տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումից հետո մարզպետարանում սպասվում են կրճատումներ:
Ինչ վերաբերում է իր կողմից իր իսկ դստերը պատվոգիր տալու հանգամանքին, Գնել Սանոսյանը նշեց, որ մայիսին, երբ տեղի էր ունենում բիզնես-ֆորումը, բոլոր անգլերեն իմացող երեխաները ստացել են պատվոգրեր, որոնք աջակցել են ֆորումին և շփվել դրսից եկած հյուրերի հետ, այդ թվում՝ իր աղջիկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան