«Պարոն Փաշինյանն ասում էր՝ 10 մլն ծառ պետք է տնկենք, կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ ծրագրով և ի՞նչ միջոցներով ենք դա իրականացնելու, ես այն որևէ տեղ չգտա»

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց.

«Պարոն Փաշինյանն ասում էր՝ 10 միլիոն ծառ պետք է տնկենք, կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ ծրագրով և ի՞նչ միջոցներով ենք դա իրականացնելու, ես այն որևէ տեղ չգտա»։

Ի պատասխան՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականին անտառային ծրագրերի ներքո 400 միլիոն դրամից ավելի գումար է նախատեսված, սակայն այդ 10 միլիոն ծառի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում։

«Մենք արդեն կապի մեջ ենք Բելառուսի, Ղրղըզստանի և այլ երկրների մեր գործընկերների հետ և արդեն պայմանավորվածություն ունենք. սա համահայկական ծրագիր է, և գաղափարն այն է, որ դրան մասնակցեն՝ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ՝ սփյուռքից։ Մշակվում են նաև որոշ միջոցներ, որոնցով հնարավոր է առանձին միջոցներ գեներացնել»,- ասաց  նախարարը։

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր բնապահպանական և բնօգտագործման վճարից գոյացող միջոցներին, որոնց հաշվին պետք է նախարարությունն ունենար 54 միլիարդ դրամի բնապահպանական ծախսերի ծրագրեր՝ 2019 թվականի 40 միլիարդի համեմատ, սակայն նախարարությունն ունի ընդամենը 16 միլիարդ դրամի համապատասխան ծրագիր։

«Ով է պետք է կրի պատասխանատվություն, որ Դուք ծրագիր չեք ներկայացրել՝ Ֆինանսների նախարարությո՞ւնը, թե՞ Կառավարությունը»,- հարցրեց պատգամավորը։

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը կապված է օրենքների ձևակերպումների հետ և  ավելին այս հարցով չի կարող ասել: Նա նաև հավելեց, որ բնապահպանական ծրագրերի ֆինանավորման հետ կապված պետք է հստակություն մտցվի՝ հաշվի առնելով, որ որոշ ծրագրեր իրականացնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ նախարարի պատասխանն իրեն չբավարարեց։

Տեսանյութեր

Լրահոս