«ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում». Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ, կան նաև պարգևավճարներ:
«Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:
Դավիթ Գևորգյանը հրաժարվեց ասել, թե որքան աշխատավարձ է ստանում, քանի որ, ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է:
«Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն, չեմ ցանկանում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն և բացահայտել ինֆորմացիան»,- շեշտեց նա:
Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, Դ. Գևորգյանը պատասխանեց.
«ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և տվել վստահության քվե, որով էլ լիազորել են մեզ որոշումներ ընդունելու համար: Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:
Ինչ վերաբերում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք դժգոհում են ցածր աշխատավարձից, Դավիթ Գևորգյանը նշեց, որ ինքն էլ է դժգոհ, որ նրանք ցածր աշխատավարձ են ստանում, ուստի արդյունավետ պետական համակարգ ստանալու համար պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան:
Նա ոչ կոռեկտ համարեց լրագրողի այն հարցը, թե արդյո՞ք արժանի է 800.000 դրամ աշխատավարձ ստանալ. «Եթե ես արժանի չլինեմ, և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա այդ պաշտոնում չէի լինի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
վարթ Խաչատրյան