
737 MAX ինքնաթիռը կդառնա ամենաանվտանգներից մեկը. Boeing-ի ղեկավար

Boeing-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը խոստանում է, որ 737 MAX-ն ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկը կդառնա ծրագրային ապահովման բոլոր լրամշակումներից հետո։
Մյուլենբուրգի՝ ընկերության կայքում հրապարակված ելույթի համաձայն, որը պատրաստվել է հոկտեմբերի 29-ին եւ 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացնելու համար, Boeing-ը զգալի բարելավումներ է կատարել 737 MAX ինքնաթիռի թռիչքների կառավարման ծրագրային ապահովման մեջ:
«Մենք դրա համար ներդրել ենք Boeing-ի բոլոր ջանքերը: Մենք հատկացրել ենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, որպեսզի 737 MAX-ի կատարելագործումները լինեն համալիր եւ մանրակրկիտ թեստավորված: Երբ 737 MAX-ը վերադառնա շահագործման, այն կլինի ամենաանվտանգ օդանավերից մեկը, որոնք երբեւիցե թռիչքներ են իրականացրել»,-ասել է Մյուլենբուրգը:
Նշվում է, որ Boeing-ն ավելի քան 100 հազար ժամ է հատկացրել 737 MAX-ի բարելավումների մշակմանը եւ ավելի քան 814 թեստային թռիչք է անցկացրել նորացված ծրագրային ապահովմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: