«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ովքեր իմ խոսքից տհաճ զգացողություներ են ունեցել». Ճապոնիայի պաշտպանության նախարար
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, որը մինչեւ վերջերս զբաղեցնում էր երկրի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնը, հոկտեմբերի 29-ին ներողություն է խնդրել թայֆունների պատճառի վերաբերյալ իր անպատեհ կատակի համար, որոնք Ճապոնիայում մոլեգնել են վերջին ամիսներին եւ մեծաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ դարձել: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներողություն է խնդրել հերթական մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ովքեր իմ խոսքից տհաճ զգացողություներ են ունեցել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի էին:
Անցած հանգստյան օրերին սեփական քաղաքական գործունեության համար հանգանակության միջոցառման ընթացքում Կոնոն կատակել է, թե ինչը կարող էր լինել վերջին ամիսներին Ճապոնիայում մոլեգնած թայֆունների պատճառը:
«Այնտեղ, որտեղից ես սերում եմ, ինձ հաճախ «անձրեւի մարդ» էին կոչում. որտեղ ես հայտնվում էի, մշտապես անձրեւ էր գալիս: Այն պահից, ինչ ես պաշտպանության նախարար եմ դարձել, արդեն երեք թայֆուն է եկել Ճապոնիա»,- կատակել է նա:
Վերջին տվյալներով՝ «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը, որը Ճապոնիան պատուհասեց հոկտեմբերի առաջին կեսին, հասել է 98-ի: Դրանից առաջ Ճապոնիայում մոլեգնել են եւս մի քանի թայֆուններ, ներառյալ «Ֆաքսայ» թայֆունը: Վնասն արդեն գերազանցել է 1,6 միլիարդ դոլարի նշագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: