Բաժիններ՝

Իրաքյան Քերբելայում առնվազն 18 մարդ է զոհվել նստացույցի ցրման հետևանքով. Al Arabiya

Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ իրավակարգի պահապանները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի եւ տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չկա:
Նախօյակին «Մավազին նյուս» լրատվական պորտալը, հղում անելով Մարդու իարվունքների բարձրագույն հանձնաժողովի տվյալներին, հայտնել է, որ անցած շաբաթվա վերջից անկարգությունների հետեւանքով երկրում զոհվել է առնվազն 82 մարդ: Նրա տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել շուրջ 3600 մարդ:

Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ:

Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, որոնք բնակեցված են առավելապես շիաներով:

Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ է սահմանվել ընդհուպ մինչեւ հետագա ծանուցում, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս