ԻՊ-ի պարագլխի աճյունը հանձնվել է ծովին. CNN
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել է ծովին: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով զինվորական երկու աղբյուր:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես եւ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ, որը հանձնվելէ Արաբական ծովին:
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Ինչպես հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: