ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն առաջին անգամ կքվեարկի Թրամփի պաշտոնազրկման բանաձևի շուրջը
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարության մեջ:
«Այս շաբաթ մենք լրիվ կազմով պալատի քվեարկությանը կդնենք բանաձեւ, որը հաստատում է հետաքննության առկայությունը, որն այժմ կատարում են մեր կոմիտեները»,- ասված է փաստաթղթում: «Մենք այդ քայլն անում ենք, որպեսզի վերացնենք բոլոր կասկածներն այն բանի շուրջ, թե Թրամփի վարչակազմը կարող է արդյոք պահել փաստաթղթեր, խոչընդոտել վկաների կողմից ցուցմունքներ տալուն, անտեսել կանոններին համապատասխան ուղարկված ծանուցագրերը կամ շարունակել խոչընդոտներ հարուցել Ներկայացուցիչների պալատի գործունեության համար»,- ընդգծել է Փելոսին:
Ընդսմին, ինչպես հայտնում են Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, բանաձեւի շուրջ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: