Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակում ստորագրվել է երկու փաստաթուղթ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-բուլղարական հարաբերությունների բազմաշերտ և հագեցած օրակարգը, դրանց զարգացման և ընդլայնման դինամիկան արդեն իսկ վկայում են համատեղ ջանքերով այն որակապես նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Նախարար Մնացականյանի խոսքով՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական, ավանդական, մշակութային ամուր կապերի վրա, և բազմակողմ հարթակներում վերջին շրջանում ունեցած շփումներին համալրելու եկած այս երկկողմ ձևաչափով այցը հերթական լավ հնարավորությունն է կրկին անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին, ուղենշելու դրա առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ փոխգործակցության շուրջ, երկուստեք ընդգծվեց տնտեսական հարաբերությունների ընձեռած ներուժի և հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Նախարարները կարևորեցին Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը:
Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել խորացմանը:
ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում առկա սերտ համագործակցության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը և վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի ԱԳ նախարարին իր երկրի կողմից համաձայնագրի վավերացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և բարձր գնահատեց այդ գործընթացի շրջանակներում Բուլղարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները հանդիպումն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ առավոտյան, Եկատերինա Զախարիևան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ: