Բաժիններ՝

«Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով». Հոգեբանը՝ «Մել» ֆիլմի մասին

«Այս ֆիլմը շարունակությունն է մեր Կառավարության՝ Կուբայից ներմուծած տրանսվեստիտների»,- անդրադառնալով ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող վավերագրական «Մել» ֆիլմի համար Կառավարության կողմից 20 մլն դրամ տրամադրելուն, ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ինչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ, չնայած հանրության բողոքներին, Կառավարությունը որևէ արձագանք չտվեց, չհասկացանք՝ ո՞վ է ներմուծել: Տրանսգենդերի մասին ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարի կողմից է,  ագիտացիա է արվում, այն դեպքում, երբ ազգային հերոսները բանտարկված են, համընդհանուր անհիմն կերպով պատերազմ հաղթած մարդիկ ցեխոտվում են, ու ստեղծվում են տրանսգենդեր հերոսներ: Վստահ եմ՝ մեր հասարակության 99 տոկոսը դեմ է տրանսգենդերների ակտիվ ներհոսքին Հայաստան, դրան դեմ են անգամ ներկա իշխանության ջատագովները: Մեզ հրամցվում է մի բան, որ՝ տես, ինչքան մեղք են տրանգենդերները, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ կներեք արտահայտությանս, բա Նարեկի ու Սաքոյի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վիտալի Բալասանյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, նրանք թշնամինե՞ր են, իսկ տրանսգենդերները հերոսնե՞ր են: Սա նախորդ տարի շրջանառվող գեյ-պարադի շարունակությունն է: Ես տոլերանտ եմ նման երևույթների նկատմամբ, քանի որ անկողինը մասնագիտություն չէ, դա ոչ մեկին չպետք է հետաքրքիր լինի, մարդիկ հետաքրքիր են իրենց գաղափարներով: Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով, և նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին»,- ասաց հոգեբանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը վստահ է՝ այս հարցում ևս գործի է դրվել օվերտոնի պատուհանը, երբ սկսում են խոսել երևույթների մասին, որոնց վրա տաբու է դրված:

«Սա այն նույն օպերայից է, որտեղ այլասերվածության ու տարատեսակ ոչ հայ ավանդական պատկերացումներին վերաբերող քարոզչություն ենք տեսնում նոր կառավարության օրոք: Դա արտաքին հոսանքների, արտաքին տրամաբանության մեջ ներգրավված ինչ-որ ուղղություն է, որը թելադրվում և պարտադրվում է տարբեր տեղերում, որ հասարակության համար այդպիսի բաները դառնան նորմալ, սովորական երևույթ: Ցավալին այն է, որ կլինի դա տրանսգենդերների հարցը, կլինի այլ հարց, արվում է մի բան, որ, եթե անգամ այդ երևույթը մարդկանց համար անընդունելի էր, խորթ էր, դատապարտելի էր, այդ բաների մասին այնքան շատ է խոսվում, կենտրոնացվում, ուղղորդվում, որ դառնում են սովորական բաներ, հետո՝ հետաքրքիր… Պատկերացրեք՝ երկու տարի առաջ խոսեին Նաիրի Հունանյանին ազատ արձակելու մասին, հիմա այդ հարցը քննարկվում է, խոսվում է՝ ի՞նչ կլինի նրա ազատության մեջ լինելու դեպքում: Սա մի մեթոդ է, որի դեպքում տաբու հարցերը ներմուծվում են հասարակության մեջ: Եթե նայենք ֆիլմի հովանավորմանը, ես մամուլում կարդացի, որ ազգային նկարագիր պրոպագանդող ֆիլմերն ու մուլտֆիլմերը մերժվել են, այլասերվածություն քարոզողները ֆինանսավորվում են: Այս ամբողջը պետք է նայել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Այս ամենի հետևանքով դժգոհ մարդիկ կամ ներմուծվելու են քաղաքական դաշտ, կամ արտագաղթելու են, ինչը շատ ավելի վատ կլինի մեր իշխանության համար»,- ասաց Վահան Բաբայանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ պնդում է, որ տրանսգենդերիզմը բիզնես է, իսկ մեր ծանրորդ Մելինե Դալուզյանը, որպես մարզիկ, մեծ վաստակ ունի, կարելի էր նկարել ֆիլմ իր կարիերայի մասին:

«Տրանսգենդերիզմը բիզնես է, հորմոնալ պրեպարատներ են տալիս տղամարդուն՝ համոզելու համար, որ ինքը կին է, կամ կնոջը՝ համոզելու համար, որ ինքը տղամարդ է: Սեռափոխությունից հետո էլ նրանք ստիպված են լինում օգտագործել այդ պրեպարատները: Մեկ մարդը տասնյակ-հազարավոր դոլարներ է ծախսում այդ դեղերի վրա: Մելինե Դալուզյանը մեծ վաստակ ունի՝ որպես ծանրորդ, փոխանակ ֆիլմ նկարեին մեր շտանգիստների մասին, նաև Մելինեի մասին, իր կյանքի այդ հատվածն ավելի հետաքիքիր կլիներ, քան իր որոշումը սեռը փոխելու»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Հիշեցնենք՝ ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմը «Բարս Մեդիա» ՍՊԸ-ով ֆինանսական աջակցությունը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով:

Իսկ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո: Նշենք նաև, որ  Մելինե Դալուզյանը՝ որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, քաղաքական ապաստան է ստացել և ավելի քան երեք տարի բնակվում է Նիդեռլանդներում։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս