Դավիթ Սանասարյանի դատական գործը հաստատ կձգվի մեկ տարուց ավելի. դատավոր Դավիթ Բալայան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, տեղի է ունենում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էր չորս ամբաստանյալ:
Ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի փաստաբան Հրանտ Անանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ Տարոն Ավետիսյանը ցանկանում է օգտվել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու իրավունքից: Ուստի միջնորդեց, որ ընդհանուր գործից առանձնացվի Տարոն Ավետիսյանին, Գևորգ Խաչատրյանին և Սամվել Ադյանին վերաբերող մասերը:
Գործից մաս անջատելու միջնորդությամբ հանդես եկան նաև ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի և Սամվել Ադյանի փաստաբանները:
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ դատարանը կարող է առանձնացնել Դ.Սանասարյանի մասով մեղադրանքը, քանի որ դա մյուս ամբաստանյալներին հնարավորություն կտա օգտվել արագացված կարգով դատական գործընթացից:
Ըստ դատախազի՝ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալների արարքները փոխկապակցված են: Դատախազը միջնորդության մեջ նաև հասարակության համար հետևանքի փոխկապակցվածություն նկատեց:
Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ նախ՝ այդ միջնորդությունը ժամանակավրեպ է: Հետո մեջբերեց Քրեական օրենսգիրքը, որի համաձայն, եթե ամբաստանյալներից մեկը դեմ է, ապա գործի առանձնացման միջնորդություն ներկայացվել չի կարող:
Դատավորը, դիմելով ամբաստանյալ Դավիթ Սանասարյանին, որը լրատվամիջոցներին ասել էր, թե գործի քննությունը մեկ տարի կտևի, նշեց, որ այս դատական գործը հաստատ կձգվի մեկ տարուց ավելի:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ