
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ. Մնուչին

ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը, որն այցով գտնվում է Երուսաղեմում:
«Մենք առավելագույն ճնշման արշավ ենք անցկացնում պատժամիջոցների միջոցով: Դրանք աշխատել են եւ աշխատում են, դրանք փակում են փողի հոսքերը»,-Մնուչինի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, որի հետ Մնուչինը հանդիպում է անցկացրել, իր հերթին, կոչ է արել ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը:
«Մենք կշարունակենք ավելի ու ավելի ակտիվանալ այդ բնագավառում: Ես հենց նոր եկա մեր թիմի հետ շատ արդյունավետ աշխատանքային ճաշից: Նա մեզ մի շարք առանձնահատուկ գաղափարներ տվեց, որոնք կուսումնասիրվեն»,-ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: