«Սա հանցագործություն եմ համարում և պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը չարտաբերեն «հեղափոխություն» բառը». Սոնա Աղեկյան

Այս տարի շուրջ 387 միլիոն դրամ է տրամադրվել Ձորափի 74 հասցեում գտնվող Կառավարական առանձնատան կոմունալ վճարումների և կենցաղի համար, ևս 2 միլիոն դոլար՝ մեկ այլ առանձնատուն վերանորոգելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ պնդելով, որ Կառավարական առանձնատան դռները պետք է բացվեն հանրության համար այնպես, ինչպես Բաղրամյան 26-ինը:

«Պահանջում ենք բացել Կառավարական առանձնատների դարպասները:

2018թ. մեր երկրում տեղի ունեցավ ինչ-որ երևույթ, որն անվանեցին հեղափոխություն, բայց դա հեղափոխություն չէր, դա հեղափոխություն կոչելը նշանակում է՝ խաբել ժողովրդին: Հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսներ և փոփոխություն զգար իր վրա, բայց զգացին միայն քայլածները, այն մարդիկ, որոնք մինչև քայլելը քաղաքական կյանքում որևէ կերպ աչքի չէին ընկել, իբրև թե «ընդդիմադիր» կեցվածքով էին աչքի ընկել միայն:

Այս մարդիկ, գալով իշխանության, պետք է փոփոխություն մտցնեին մեր կյանքում, սկզբում մետրոյով և հեծանիվով էին շրջում, բայց անմիջապես տեղափոխվեցին Կառավարական առանձնատներ:

Մեր երկրի բյուջեից շուրջ 387 միլիոն դրամ է տրամադրվել Կառավարական առանձնատան կոմունալ վճարումները կատարելու և կենցաղն ապահովելու համար, 2 միլիոն՝ մեկ այլ առանձնատուն վերանորոգելու համար, այն պարագայում, երբ արտաքին մեծ պարտք ունենք, երբ թոշակառուն խանութում գումար է հաշվում, որ մի հաց գնի, այդ թոշակառուի գումարը խոստանում են բարձրացնել մյուս տարի, այն էլ՝ 10 տոկոսով: Սա ամոթալի է ներկա իշխանությունների համար, և մենք բոլորս պետք է նրանց ասենք, որ դուք պետք է ամաչեք»,- ասաց Սոնա Աղեկյանը:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավարի կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչները պետք է շարունակեին ապրել իրենց հին տներում:

«Եթե դուք եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ապա պետք է շարունակեիք ապրել ձեր բնակարաններում: Շուրջ 387 միլիոն դրամ մենք տալիս ենք, որ Կառավարական առանձնատանն ապրեն Արարատը և Նիկոլը: Ի՞նչ են անում նրանք՝ շարքային քաղաքացու կյանքը բարելավելու համար, ես ոչ մի դրական տեղաշարժ, բան չեմ արձանագրել իմ և իմ շրջապատի կյանքում: Կառավարության գաղտնի և թաքուն որոշմամբ 2 միլիոն դոլար էլ պետք է հատկացնեն այն առանձնատան վերանորոգմանը, որում նախկինում ապրել է Սերժ Սարգսյանը, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվի այդ առանձնատանն ապրելու:

Եթե, իրոք, Հայաստանում փոփոխություն էր եղել, պետք է այս գումարներն ուղղվեին գործարան հիմնելուն, պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեին, պետք է հենց ուսուցիչներն այդքան աշխատավարձ ստանային, ոչ թե՝ նախարարները:

Հետևողականորեն պահանջելու ենք, որ այդ երկու ընտանիքները դուրս գան Կառավարական առանձնատնից, նրանք իրավունք չունեն այդտեղ ապրելու: Եթե մենք մերժում էինք նախկիններին, ու ասում էինք, որ՝ դուք չարաշահումներ էիք անում, ապա ինչո՞ւ ենք հիմա նույնը մենք անում՝ գաղտնի որոշումներով թալանելով մեր բյուջեն: Այս երկու ընտանիքները ստանում են ամենաբարձր աշխատավարձերը, ունեն ծառայողական մեքենաներ, գործուղումների են գնում չարթերային թռիչքներով, ես սա հանցագործություն եմ համարում և պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը չարտաբերեն «հեղափոխություն» բառը, մինչև չտեղափոխվեն իրենց բնակարանները: ՀՀ-ն այս պահին հայազգի ղեկավար չունի, արտաքին ուժերի կողմից են ղեկավարվում, եթե ղեկավարվեին իրենց իսկ խոսքերով, չէին էլ տեղափոխվի, չէին մսխի բյուջեի գումարները»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչպես ապահովել իշխանության անվտանգությունը, Սոնա Աղեկյանը հիշեցրեց, որ եղել են ու կան պաշտոնյաներ, ովքեր չեն ապրում Կառավարական առանձնատներում, օրինակ՝ 2000-2007թթ.՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այժմ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Սոնա Աղեկյանը նաև նշեց, որ իրազեկման ակցիաներ են կազմակերպելու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս