Բաժիններ՝

Իրաքի քաղաքներում ուսանողական զանգվածային ցույցեր են անցկացվում

Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում: Այդ մասին հայտնել է Al Hadas հեռուստաալիքը:

Ստացվող տեղեկատվության համաձայն, երիտասարդության շրջանում բարձր գործազրկության եւ վատ կենսապայմանների, ինչպես նաեւ իշխանական կառույցներում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաների են դուրս եկել ուսանողները Բասրայում, Էն Նաջաֆում, Ամարայում, Էդ Դիվանիայում, Մայսանում: Երկուշաբթի օրը, ի նշան հարավի ուսանողության հետ համերաշխության, համընդհանուր գործադուլ է հայտարարել Իրաքի ուսուցիչների արհմիությունը:

Բաղդադում նստացույցին միացել են Իրաքի մայրաքաղաքի դպրոցների ու բուհերի սովորողները, որոնք հայտարարում են, թե այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Թահրիր հրապարակում եւ հարավում բողոքողների հետ, պահանջում են անհապաղ բարեփոխումներ եւ դիպլոմներ ստանալուց հետո երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ: Հոկտեմբերի 28-ին Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին, հայտնել է, որ Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում:

Նրա տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել շուրջ 3600 մարդ: Ավելի վաղ հանձնաժողովը հայտնել էր 63 զոհվածի եւ շուրջ 2600 տուժածի մասին: Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել:

Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, ոորնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս