Արգենտինայում նախագահական ընտրությունների հաղթողը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավարին
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
Բուենոս-Այրեսում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ՝ Ֆեռնանդեսը հայտարարել է, որ անարդարացի է համարում Լուլա դա Սիլվայի նկատմամբ կայացված դատավճիռը: Նման հայտարարություններով նա հանդես էր գալիս նաեւ իր նախագահական արշավի ընթացքում: Հուլիսին նա Լուլա դա Սիլվային այցելել էր Բրազիլիայի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքի բանտում:
Լուլա դա Սիլվան Բրազիլիան կառավարել է 2003-ից մինչեւ 2010 թվականը: 2017 թվականին նրան 9,5 տարվա բանտարկության են դատապարտել փողերի լվացման եւ կոռուպցիայի համար: Ավելի ուշ պատժաժամկետն ավելացրել են մինչեւ 12 տարի: Նա ինքը մեղքը չի ընդունում:
Նախօրյակին Արգենտինայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, քվեաթերթիկների գրեթե 98 տոկոսի հաշվումից հետո Ֆեռնանդեսը հավաքում է ձայների 48,4 տոկոսը, իսկ նախագահ Մաուրիսիո Մակրին ստանում է 40,44 տոկոսը: Մակրին արդեն ընդունել է պարտությունը եւ Ֆեռնանդեսին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: