
ԱԱԾ-ն կհանդիպի՞ Արման Բաբաջանյանին

«Մենք Արման Բաբաջանյանին վստահելու կամ չվստահելու խնդիր չունենք, կարծում եմ, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի, եթե անհրաժեշտություն լինի, իսկ անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք գործողություն»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հանդիպել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ այն բանից հետո, երբ վերջինս հանդիպում էր ունեցել Նաիրի Հունանյանի հետ:
Նրա խոսքով՝ Արման Բաբաջանյանը լրատվամիջոցներով արդեն ներկայացրել է տեսակետ, և այս պարագայում իրենք որևէ խնդրի առջև չեն կանգնելու:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանն ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողություններին և ԱԱԾ հրավիրելուն, Է. Մարտիրոսյանն ասաց, որ այստեղ որևէ քաղաքական հետապնդում չկա, և չպետք է նման ենթատեքստ փնտրել: Ըստ նրա՝ պարզապես նյութերի ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսելու նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այս դեպքում՝ հորը և աղջիկներին:
«Շատերն ասում էին, որ Հրայր Թովմասյանի աղջիկները 16-17 տարեկան են, բայց նրանք 23 տարեկան են: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, և պարտավոր էինք պարզաբանում իրականացնել: Խոսքն ապօրինի հարստացման մասին չէ, դրա մասին մենք մանրամասն ներկայացրել ենք, նույնիսկ նախաքննության ընթացքում մենք չէին կարող այդքան բան հրապարակել: Մենք Հրայր Թովմասյանին զանգել, հրավիրել ենք ԱԱԾ, իհարկե, ոչ հարցաքննության, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, իսկ հետո մեկնել է Մոսկվա»,- շեշտեց նա:
Զվարթ Խաչատրյան