Դատարանը մասնակի բավարարեց Գիտության պետական կոմիտեի նախագահի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի
2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցադիմումի կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք www.datalex.am դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու և որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանին:
Եվ ահա դատարանը վճռել է Սամվել Գառնիկի Հարությունյանի հայցն ընդդեմ Դանիել Արայի Իոաննիսյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, բավարարել մասնակի.
Պարտավորեցնել Դանիել Արայի Իոաննիսյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով հերքել 12.06.2018 թվականին նույն ֆեյսբուքյան օգտահաշվում տեղ գտած Սամվել Հարությունյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.
Հերքման տեքստ.
«Հերքում ըստ դատարանի վճռի.
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան օգտահաշվում 12.06.2018 թվականին հրապարակված «Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտների հաստատման համար էր ատկատ ուզում: Եվ Arayik Harutyunyan-ը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ և ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Պարտավորեցնել Դանիել Արայի Իոաննիսյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.tert.am լրատվական կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել 13.06.2019 թվականին «ԿԳ նախարարը պետք է պատասխանի նաև հարցին, թե որքանով է իր և Սամվել Հարությունյանի որդու ընկերությունն ազդել հորը նշանակելու որոշման վրա. Դ. Իոանիսյան» վերնագրով հրապարակված հոդվածում տեղ գտած Սամվել Հարությունյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.
Հերքման տեքստ.
«Հերքում ըստ դատարանի վճռի։
www.tert.am լրատվակայն կայքում 13.06.2019թ. հրապարակված «ԿԳ նախարարը պետք է պատասխանի նաև հարցին, թե որքանով է իր և Սամվել Հարությունյանի որդու ընկերությունն ազդել հորը նշանակելու որոշման վրա. Դ. Իոանիսյան» վերնագրով հարցազրույցում իրականության չեն համապատասխանում հետևյալ փաստերը․
«Եթե բոլորը գիտեն, որ էս մարդը կոռուպցիոներ է, եթե բոլոր գիտնականները գիտեն, գիտեն, որ էս մարդը «ատկատներ» է ուզում՝ սկսած Travel grant-ներից, վերջացրած MMDS grants-ի համար, որոնք Հայաստանի բյուջեից չեն, արտերկրից եկող գրանտներ են: Ինքը «ատկատներ» է ուզում, ու այն չստանալու դեպքում չէր ստորագրում, ու այդ դրամաշնորհը չէր գալիս Հայաստան: Եվ սրա մասին բոլորը գիտեն:
Պատասխանող Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ հայցվոր Սամվել Գառնիկի Հարությունյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվոր Սամվել Գառնիկի Հարությունյանի պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում։
Մնացած մասով՝ պահանջը մերժել:
Պատասխանող Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ հայցվոր Սամվել Գառնիկի Հարությունյանի բռնագանձել 260.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի գումար, որից 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 250.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջները՝ մերժել:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով մեկամսյա ժամկետում:
Դանիել Իոաննիսյանի՝ այդ թեմայով հարցազրույցում վերջինս հայտարարություններ է արել, որոնք էլ հենց Սամվել Հարությունյանը զրպարտանք է որակել:
Գոհար Սավզյան