«ԼՂ ներկայիս օրակարգը վերաբերում է թե՛ բուն խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին, թե՛ այն միջավայրին, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը». Մնացականյան

«Ներկայումս, որպես այդպիսին, ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ամենաբարձր մակարդակով հանդիպում չի ծրագրվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցային գործընթացի բովանդակությանը:

Նախարարն ասաց, որ այս պահին ծրագրվում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների շարունակությունը, հերթական հանդիպումը կլինի մոտակա ամիսների ընթացքում:

«Ավելի շատ կենտրոնացած ենք, որպեսզի շարունակենք հանդիպումներն ԱԳ նախարարների մակարդակով: Դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար: Ամեն ինչը՝ իր հերթին»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ բանակցային ներկայիս օրակարգը վերաբերում է թե բուն խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական հարցերին, թե նաև այն միջավայրին, որի շրջանակում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը:

«Նաև տարբեր այլ հարցեր ունենք, որոնք վերաբերում են կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել այս շրջանում և նաև իրականացման փուլում են: Հույսով եմ, որ մոտակա շրջանում կիրականացնենք որոշ քայլեր, որոնք ծառայում են այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Եղել է շփում մեր ղեկավարների միջև Աշգաբադում, որը շատ օգտակար էր այն առումով, որ կարողացել ենք հաստատել որոշ սկզբունքներ, մոտեցումներ, որոնք վերաբերում են նաև խաղաղությանը նպաստող միջավայրին: Հիմա կենտրոնացած ենք այդ հարցերի վրա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ փաստաթուղթ է բանակցվում այժմ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չեն աշխատում:

Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, որ չեն աշխատում սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու համար, թե ինչպես կարող են ունենալ, կառուցել կողմերի միջև պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը:

Հարց հնչեց նաև այն մասին, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել ծանոթանալ հակամարտության պատմությանը, նրբություններին, և արդյոք նոր փուլ թևակոխե՞լ է կարգավորման գործընթացը, ինչին ի պատասխան՝ Մնացականյանն ասաց, որ հակամարտության 27 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փաստաթղթեր, վերջինը Կազանն է եղել:

«Եղել են տարբեր գաղափարներ, որոնք, այսպես թե այնպես, արտահայտվել են: Վարչապետը շատ լավ տիրապետում է հարցին, հստակ տիրապետում է, և բնական է, փորձում է է՛լ ավելի խորացնել իր գիտելիքները՝ ծանոթանալով նաև նրբություններին նախորդ տարիներից: Նույնիսկ նրանք, ովքեր ծանոթ են, ժամանակ առ ժամանակ թարմացնում են իրենց հիշողությունը և գիտելիքները»,- ասաց նախարար Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս