Բաժիններ՝

Կոնտրաստների երկիր Հայաստան

Մի քանի օր է, ինչ Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել նախկին մարզիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով։

Մի կողմից՝ հարկատուների գումարներից 20 միլիոն դրամ է հատկացվել մի անձի վերաբերյալ նման ֆիլմ նկարահանելու նպատակով, ով նույնիսկ Հայաստանում չի ապրում, իսկ մյուս կողմից՝ ունենք դեպք, երբ Հայաստանում անհիմն հետապնդման է ենթարկվում մեկ այլ մարզիկ, ում պնդմամբ՝ պետությունը նույնիսկ մեկ լումա չի հատկացրել իր մարզումների համար, իսկ մրցույթներին նա ինքնուրույն է մասնակցել և ներկայացրել Հայաստանի դրոշը։

Խոսքը բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն Վահրամ Հակոբյանի մասին է, ով մասնակցել է նաև Սևծովյան տարածաշրջանի մրցույթին և Հայաստանի դրոշի ներքո գրավել է երկրորդ տեղը, իսկ Իսպանիայում կայացած «Աշխարհի բաց առաջնությունում»՝ իններորդ տեղը (կրկին հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո)։

Վահրամ Հակոբյանի հանդեպ այսօր Հայաստանում սուտ մատնության հիման վրա անհիմն հետապնդում է իրականացվում, և իր բազում կոչերը մնում են անպատասխան` սահմանափակելով իր ազատ տեղաշարժման իրավունքը և այլ մրցույթներին մասնակցելու հնարավորությունները։ Սույն գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական մարմնի կողմից (գործի քննիչն է Էդուարդ Հովհաննիսյանը)։ Այս հարցի շուրջ զրուցել ենք Վահրամ Հակոբյանի հետ։

«Շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ այդքան տարիների ընթացքում գեթ մեկ լումա պետությունից չեմ ստացել. կարո՞ղ եք հիմա ինձ բացատրել, թե ինչի համար է այս խտրականությունը։ Այսօր իմ հանդեպ անհիմն սուտ մատնության հիման վրա շինծու գործ են սարքել, և սահմանափակում են մրցույթներին մասնակցելու իմ հնարավորությունները։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու է այդպես. ինչո՞ւ են մի կողմից՝ իմ կոչերն ու արդարության հասնելու դիմումներն անտեսվում, իսկ մյուս կողմից՝ նման ուշադրության արժանանում մեկը, ով նույնիսկ Հայաստանում չի ապրում, և նման տարօրինակ նպատակի համար գումար է հատկացվում։

Գիտե՞ք, ամեն ինչ իր սահմաններն ունի։ Իմ հանդեպ հետապնդումների լուրը լսելուց հետո երեք երկրներից առաջարկ եմ ստացել իրենց դրոշի տակ հանդես գալու, սակայն մերժել եմ։ Բայց ամեն ինչ իր սահմաններն ունի, և ես էլ իմ ինքնասիրությունն ունեմ։ Եթե իմ հանդեպ այս սանձարձակ հետապնդումը չդադարեցվի, և նման կերպով խտրականության ենթարկվեմ, ես, ի լուր աշխարհասփյուռ հայության, ստիպված կլինեմ արդեն ընդունել այդ առաջարկներից մեկը և չեմ լռելու. թող բոլորն իմանան, թե ինչ այլանդակ և անբարո հետապնդում է իրականացվում իմ հանդեպ, և մյուս կողմից՝ ինչ արժեքներ դավանող ծրագրեր են հովանավորվում։ Սա՞ էր այս հեղափոխության բերած արժեքը։ Կներեք, բայց ես չեմ ընդունում մեկ անօրինականությունը մեկ այլ անօրինականությունով փոխարինելու ցանկացած փորձ։

«Նոր Հայաստանում» ես ուզում եմ տեսնել արդարություն և պահանջում եմ արդարություն։ Եթե պետք է շարունակեն փողով և կաշառքով մարդուն անհիմն սուտ մատնության հիման վրա մեղադրել, ապա այս հեղափոխությունն էլ, ամեն ինչն էլ անտեղի էր։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդուն վեց ամիս զրկում են ազատությունից և ազատ տեղաշարժվելու իր սահմանադրական իրավունքից` չունենալով ոչ մի ապացուցված փաստ կամ հանցակազմ։ Ես արդարություն եմ պահանջում և չեմ լռելու։

Իմ սպորտսմեն ընկերներն ուզում էին բողոքի ակցիա իրականացնել, բայց ես խնդրեցի դեռ չանել նման բան, քանի որ ակնկալում էի, որ երկրում իրավիճակ է փոխվել, և հնարավոր չէ այլևս նման լկտի կերպով մարդուն անհիմն զրկել ազատությունից, սակայն, ինչպես իրադարձությունների ընթացքն է ցույց տալիս, դա այնքան էլ այդպես չէ։ Դեռևս իմ հույսը չի մեռել, որ հնարավոր կլինի արդարության հասնել»,- նշեց Վահրամ Հակոբյանը և նորից կոչ արեց Հայաստանի համապատասխան մարմիններին՝ դադարեցնել իր հանդեպ արհեստականորեն սանձազերծված հետապնդումը։

Այս կոնտրաստին և խտրականությանը պետք է բացատրություն տրվի։ Որոշում կայացնողները պետք է Հայաստանի հասարակությանը և հարկ վճարողներին բացատրեն, թե ինչով է Հայաստանում չբնակվող նախկին մարզիկ Մելինե Դալուզյանն արժանի 20 միլիոն դրամի, իսկ մյուս կողմից՝ մեկ այլ մարզիկի հանդեպ նման հետապնդում է իրականացվում, ինչն ակնհայտ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Ավելին, նայեք Գյումրիում դեռևս երկրաշարժից կիսախարխուլ շինության մեջ ապրող երեխաների աչքերին. այդ շինություններն ամեն վարկյան կարող է փլվել նրանց գլխին. նայեք այդ երեխաների աչքերի մեջ և բացատրեք, թե ինչու իրենք արժանի չեն մի կտոր հացի, հոգատարության պետության կողմից. Բացատրեք, թե մի կողմից՝ ինչու են նրանք սոված պառկում քնելու, և մյուս կողմից՝ ինչով էր Մելինե Դուլազյանն արժանի 20 միլիոն դրամով իր մասին ֆիլմ նկարելուն։ Բացատրեք այս կոնտրաստը։

ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս